|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Ս. Հարության տոնը քրիստոնյա աշխարհի մեծագույն իրադարձություններից մեկն է: Քրիստոս խաչվեց մարդկությանը մեղքերից փրկելու համար, ապա հարություն առավ, որպեսզի խորտակվի անխուսափելի մահվան իշխանությունը:
Զատկի տոնին մարդիկ ձու են ներկում: Ձուն համարվում է հարության և նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար Արյունը, որ թափվեց մեր փրկության համար: Ս. Գրիգոր Տաթևացին ձուն կարմիր ներկելու մասին ասում է. «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի, և, ինչպես իմաստուններն են ասում` «դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը` օդին, սպիտակուցը` ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»: Ս. Հարության տոնին նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որի ընթացքում պահք պահողները Ս. Հաղորդություն ստանալով, դուրս են գալիս պահքից։ Հավատացյալները միմյանց ողջունում են տալով Քրիստոսի Հրաշափառ Հարության ավետիսը՝ «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց», պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»։ Այս ավետիսը պետք է հնչի յուրաքանչյուրի հոգում և տանը՝ ավետելով նոր, մաքուր սկիզբը։
|